«Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ Վյաչեսլավ Շևչուկը խոսել է իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում Մխիթարյանի «Ռոման» կմրցի «Շախտյորի» հետ:
- Հենրիխ Մխիթարյանի հետ նույն թիմում եք խաղացել, նրա ո՞ր ուժեղ կողմերը կարող եք առանձնացնել:
- Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է: Առաջին հերթին՝ շատ դաստիարակված, խելացի անձնավորություն, որը հարգանք է ցուցաբերում բոլոր մարդկանց նկատմամբ՝ անկախ կարգավիճակից: Ինչ վերաբերում է նրա ուժեղ կողմերին, ապա Հենրիխը շատ բարձր արագություն ունի, նա հիանալի կերպով կարում է տարածություններ գտնել և զարգացնել գրոհները, խորքից շատ լավ է զարգացնում դրանք:
- ԱՊԼ-ում Մխիթարյանի արդյունավետությունը բարձր չէր, իսկ Իտալիայում ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Առաջնության փոփոխությո՞ւնն է օգնել նրան:
- Անգլիայում նրա համար դժվար էր հարմարվելը, գումարած Ժոզե Մոուրինյուն լիովին չէր վստահում նրան: Հենրիխը սիրում է, երբ մարզիչը նրան լիովին վստահում է: Քանի որ նա միշտ պատասխանատու է իր գործողությունների համար, նա անհանգստանում է, երբ չի խաղում կամ ինչ-որ բան սխալ է անում, կամ ինչ-որ բան չի ստացվում իր մոտ:
Բայց նա ավելի փորձառու դարձավ: Խաղի մակարդակը, որը նա այժմ ցույց է տալիս, ասում է, որ նա գտել է հարաբերություններ ինչպես մարզչի, այնպես էլ թիմակիցների հետ և վայելում է խաղը: Այս պահին նա «Ռոմայի» առաջատարներից մեկն է, առանց որի այժմ դժվար է պատկերացնել հռոմեական թիմի խաղը:
- Կարծում եք, որ Մխիթարյանի համար կրկնակի մոտիվացիա կլինի՞ իր նախկին թիմի դեմ խաղը:
- Չեմ կարծում, որ այժմ նա կլինի մոտիվացված ու երկակի վերաբերմունքով կխաղա «Շախտյորի» դեմ: Մենք հաճախ ենք շփվում նրա հետ, և նա միշտ մեծ հարգանքով է խոսում իր նախկին գործընկերների, ակումբի ղեկավարության և նախագահի մասին: Մեծ հաճույքով ենք հիշում այն հիանալի ժամանակները, որոնք մեզ բախտ է վիճակվել անցկացնել մեկ թիմում: Չեմ կարծում, որ նա չափազանց մոտիվացված կլինի, նա պրոֆեսիոնալ է, ով խաղում է «Ռոմայում» ու վերջ:
- Ինչպե՞ս կարող են «Շախտյորի» պաշտպանները զսպել Մխիթարյանին: Ի՞նչ եք խորհուրդ տալիս:
- Իհարկե, «Շախտյորի» պաշտպանները պետք է շատ զգույշ լինեն, քանի որ Հենրիխը շատ լավ օգտագործում է իր արագությունը և անընդհատ բացվում է: Նա լավ է ճնշում գործադրում, հիանալի փոխանցում ունի, կարող է տալ մեկ հպումով գերազանց փոխանցում: Հենրիխը փորձառու խաղացող է, ուստի «Շախտյորի» ֆուտբոլիստների համար դժվար կլինի չեզոքացնել նրան»,- Շևչուկի խոսքն է մեջբերել sport.segodnya.ua-ն: