«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել այսօր՝ մարտի 1-ին, ակումբի գլխավոր գրասենյակում անցկացված խուզարկության վերաբերյալ:
Կատալոնական ակումբը հաստատել է, որ խուզարկությունը կապված է եղել սոցցանցերում մոնիթորինգի ծառայության գործունեության հետ: «Բարսելոնան» մտադիր է համագործակցել իրավապահ մարմինների հետ, որպեսզի օգնի՝ հաստատել հետաքննությանը վերաբերող բոլոր փաստերը:
««Բարսելոնան» իր խորին հարգանքն է հայտնում առկա դատական գործընթացի և հետաքննությանը ներքաշված կողմերի անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ խուզարկությունից հետո ձերբակալվել են ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, գործադիր տնօրեն Օսկար Գրաուն ու իրավաբանական բաժնի ղեկավար Ռոման Գոմես Պոնտին: