«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», համեմատել է աշխատանքը հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի և «զինագործների» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի գլխավորությամբ:
«Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է նրանից, ինչ դավանում է Ֆոնսեկան: «Ռոմայում» ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք լավ ֆուտբոլ ենք խաղում, կարծում եմ՝ այն ինձ համապատասխանում է: Գերադասում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը. մենք շատ ագրեսիվ ենք խաղում, փորձում ենք ամբողջ ընթացքում գնդակը պահել մեր հսկողության տակ: Իհարկե, ինձ դուր է գալիս նման խաղը:
Կմնա՞մ արդյոք «Ռոմայում»: Հիմա ոչինչ ասել չեմ կարող, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագ է փոխվում: Նախ դու մի թիմում ես, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն ուրիշում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով The Times-ին: