TotalFootball.am


16.11.19 16:36

«Հաջողակ» խաղացողները․ Ֆուտբոլիստներ, որոնց միավորում են Մոուրինյուն և Գվարդիոլան (մաս 2)


Մաս 1-ում արդեն ներկայացրել էինք 6 խաղացողների, ովքեր հանդես են եկել 21-րդ դարի երկու հզոր մասնագետների՝ Ժոզե Մոուրինյուի և Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ։

Այժմ խոսենք մյուս 6 խաղացողների մասին։

Խաբի Ալոնսո

Տիտղոսները Մոուրինյուի հետ – 3

Տիտղոսները Գվարդիոլայի հետ – 3

Ցուցանիշները Մոուրինյուի հետ – 151 խաղ, 3 գոլ, 23 գոլային փոխանցում

Ցուցանիշները Գվարդիոլայի հետ – 79 խաղ, 6 գոլ,  8 գոլային փոխանցում

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը Մոուրինյուի գլխավորությամբ խաղացել է Մադրիդի «Ռեալում»։ Եթե պորտուգալացու գլխավորությամբ առաջին երկու տարիները հաջող էին, նրանք միասին դարձան Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր, ապա 2012/13 մրցաշրջանը ոչ այնքան լավ դասավորվեց իսպանացու համար։ Վնասվածքը, ինչպես նաև Ժոզեի հետ կոնֆլիկտը հանգեցրին նրան, որ Ալոնսոն մոտ էր թիմից հեռանալուն, բայց ի վերջո ակումբը լքեց Մոուրինյուն, իսկ կիսապաշտպանը դրանից մեկ տարի անց միացավ Գվարդիոլայի «Բավարիային»։ Պեպի օրոք Ալոնսոն երկու հաջող մրցաշրջան ունեցավ։

Պեդրո Ռոդրիգես

Տիտղոսները Մոուրինյուի հետ – 0

Տիտղոսները Գվարդիոլայի հետ – 14

Ցուցանիշները Մոուրինյուի հետ – 17 խաղ, 2 գոլ, 3 գոլային փոխանցում

Ցուցանիշները Գվարդիոլայի հետ – 167 խաղ, 58 գոլ,  29 գոլային փոխանցում

Պեդրոն Պեպ Գվարդիոլայի գլխավոր բացահայտումներից մեկն էր։ Կար ժամանակահատված, երբ Պեդրոն դարձել էր «Բարսելոնայի» թալիսմանը՝ գոլեր խփելով ամենակարևոր խաղերին։ Չորս համատեղ հիանալի մրցաշրջան, բազում տիտղոսներ։

2015 թվականի ամռանը Պեդրոն տեղափոխվեց Մոուրինյուի «Չելսի», բայց 4 ամիս անց պորտուգալացին հեռացվեց լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Սեսկ Ֆաբրեգաս

Տիտղոսները Մոուրինյուի հետ – 2

Տիտղոսները Գվարդիոլայի հետ – 4

Ցուցանիշները Մոուրինյուի հետ – 69 խաղ, 6 գոլ, 27 գոլային փոխանցում

Ցուցանիշները Գվարդիոլայի հետ – 48 խաղ, 15 գոլ,  20 գոլային փոխանցում

2011 թվականի ամռանը Գվարդիոլան հասավ իր նպատակին ու «Արսենալից» ձեռք բերեց Ֆաբրեգասին: Թեև Սեսկի անհատական ցուցանիշները բավականին լավն էին, բայց նրա կարգավիճակն էր փոխվել «Բարսելոնայում»։ Եթե «զինագործների» կազմում նա թիմի առաջատարն էր, ապա կատալոնական ակումբում հայտնվել էր Լիոնել Մեսսիի, Չավիի ու Անդրես Ինյեստայի ստվերներում։

2012 թվականին Գվարդիոլայի հեռանալուց հետո Ֆաբրեգասը ևս երկու տարի անցկացրեց Կատալոնիայում, որից հետո տեղափոխվեց հենց Մոուրինյուի «Չելսի», միանգամից դարձավ լոնդոնյան թիմի առաջատարներից մեկը ու մեծ դեր ունեցավ չեմպիոնության հասնելու հարցում։ Բավական է ասել, որ Սեսկը 18 գոլային փոխանցումներով դարձավ ԱՊԼ-ի 2014/15 մրցաշրջանի լավագույն ասիստենտը։

Եթե սկզբնական ժամանակաշրջանում Գվարդիոլան եղել է Ֆաբրեգասի կուռքը, ապա հետագայում իսպանացի կիսապաշտպանը հայտարարեց, որ իր կարիերայի լավագույն մարզիչներ համարում է Մոուրինյուին և Վենգերին։

Բաստիան Շվայնշտայգեր

Տիտղոսները Մոուրինյուի հետ – 0

Տիտղոսները Գվարդիոլայի հետ – 5

Ցուցանիշները Մոուրինյուի հետ – 4 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում

Ցուցանիշները Գվարդիոլայի հետ – 64 խաղ, 13 գոլ,  13 գոլային փոխանցում

«Բավարիայի» լեգենդը թիմում իր վերջին երկու տարիներն անցկացրեց Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ, որի օրոք ավելացրեց իր տիտղոսների քանակը։

Դրանից հետո Շվայնին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ 2016 թվականին արդեն հանդիպեց Ժոզե Մոուրինյուին։ Այդ ժամանակ գերմանացի կիսապաշտպանը համարվում էր պահեստային խաղացող ու 2017 թվականի սկզբին ավարտեց եվրոպական կարիերան ու տեղափոխվեց ԱՄՆ։

Ալեքսիս Սանչես

Տիտղոսները Մոուրինյուի հետ – 0

Տիտղոսները Գվարդիոլայի հետ – 4

Ցուցանիշները Մոուրինյուի հետ – 30 խաղ, 4 գոլ, 7 գոլային փոխանցում

Ցուցանիշները Գվարդիոլայի հետ – 41 խաղ, 15 գոլ,  6 գոլային փոխանցում

2011 թվականին Ֆաբրեգասի հետ միասին «Բարսելոնա» տեղափոխվեց նաև այն ժամանակ «Ուդինեզեի» ու Չիլիի հավաքականի առաջատար Ալեքսիս Սանչեսը։ Չիլիացին համարվում էր հիմնական խաղացող Գվարդիոլայի թիմում ու իր առաջին մրցաշրջանում բոլոր մրցաշարերում հեղինակեց 15 գոլ՝ նվաճելով Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն և հռչակվելով աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։

Կևին դե Բրույնե

Տիտղոսները Մոուրինյուի հետ – 0

Տիտղոսները Գվարդիոլայի հետ – 7

Ցուցանիշները Մոուրինյուի հետ – 9 խաղ, 0 գոլ, 1 գոլային փոխանցում

Ցուցանիշները Գվարդիոլայի հետ – 148 խաղ, 27 գոլ,  63 գոլային փոխանցում

Ժոզե Մոուրինյուի թիմում տեղ չգտնվեց տաղանդավոր բելգիացու համար։ Դե Բրույնեն 9 հանդիպում անցկացրեց «Յուրահատուկի» գլխավորությամբ, որից հետո ուղևորվեց Գերմանիա։

«Վոլֆսբուրգում» փայլուն ելույթներից հետո Դե Բրույնեն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», որտեղ հանդիպեց Պեպ Գվարդիոլային՝ դառնալով վերջինիս համար շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստ։

 

Արտյոմ Ասլանյան





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0