TotalFootball.am


21.07.21 13:12

Վարդան Բիչախչյան․ «Լարվածություն չկա․ մտածում ենք հաջորդ փուլ դուրս գալու մասին»


ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելուց հետո «Արարատին» երկրորդ փուլում բաժին է հասել լեհական «Շլյոնսկը»։ 

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 17։00-ին։ 

Հուլիսի 21-ին նախախաղային մամուլի ասուլիսին է ներկայացել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։ 

-Ի՞նչ վիճակով է թիմը մոտենում խաղին ու արդյոք հանդիպմանը պատրաստ են Խուան Բռավոն և Ալիկ Առաքելյանը։ 

- Թիմը լավ է պատրաստվել վաղվա խաղին։ Ալիկ Առաքելյանն ու Խուան Բռավոն նույնպես պատրաստ են հանդիպմանը։ 

- Ինչպե՞ս կգնահատեք հնարավորությունները վաղը խաղում։ 

- Հնարավորությունները գնահատում եմ 50/50։ 

- Արդյոք պատրաստվում եք վաղն ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխան խաղում Լեհաստանում ավելի դժվար է լինելու։ 

- Մենք միշտ փորձում ենք բալանսավորված ֆուտբոլ խաղալ։ Ինչպես գիտեք Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր փուլ բաղկացած է երկու խաղից։ Իմ կարծիքով ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում, հետևաբար խաղալու ենք բալասավորված։ Ոչ մի դեպքում առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում։ 

- Կհամեմատե՞ք «Շլյոնսկին» ու «Ֆեհերվարին»։ Կարծո՞ւմ եք, որ «Շլյոնսկի» հետ խաղն ավելի հեշտ կարող է դասավորվել։ 

- Ֆուտբոլում չկան հեշտ հանդիպումներ, հատկապես եվրագավաթային խաղերում։ Ըստ իս՝ «Ֆեհերվարն» ու «Շլյոնսկը» խաղամակարդակով հավասար են, հետևաբար շատ դժվար հանդիպում է սպասվում։ Երևի թե, վաղը խաղից հետո կունենանք որոշակի պատկեր։ 

- Ի՞նչ կասեք «Շլյոնսկի» ուժեղ և թույլ կողմերի մասին։ 

- Չեմ ցանկանում բացել «չակերտները», ուսումնասիրել ենք մրցակցին, դիտել ենք վերջին հանդիպումները։ Կասեմ, որ ուժեղ թիմ է՝ համալրված լավ խաղացողներով։ Գիտեմ նաև, որ թիմը գլխավորում է բավականին փորձառու մարզիչ։ Այդ փաստը, երևի, ամենակարևորն է։ 

- Մեծ փորձ ունեք «Շիրակում» աշխատելու, բայց երբեք երրորդ փուլում հանդես չեք եկել։ Արդյոք այդ առումով այս խաղը յուրահատուկ է Ձեզ համար։ 

- Չեմ կարող ասել, որ յուրահատուկ խաղ է, բայց ևս մեկ անգամ նման հնարավորություն է ընձեռնվել և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթահարենք երկրորդ փուլի արգելքը։ 

- Արդյոք ոչ-ոքի արդյունքը վաղվա խաղում կբավարարի Ձեզ։ 

- Չեմ ցանկանում կանխագուշակություններ անել։ Մենք ունենք հստակ ծրագիր խաղի համար։ Թե որքանով կաշխատի մեր մարտավարությունը, ցույց կտա խաղը։ Հետևաբար վաղվա խաղի արդյունքի մասին կխոսեմ հանդիպումից հետո։ 

- Սերժ Դեբլեն նախորդ խաղերում անցկացրեց 37 և 54 րոպե։ Ե՞րբ նա պատրաստ կլինի խաղալ 90 րոպե ու որքանով է թիմի խաղաոճը կախված նրա ներկայությունից։ 

- Կարճ ժամանակում հնարավոր չէ ֆուտբոլիստին պատրաստել 90 րոպե խաղալու համար։ Շտապելու դեպքում վնասվածք ստանալու հնարավորություն կա։ Դեբլեն պրոֆեսիոնալ է ու «Ֆեհերվարի» հետ խաղից հետո մոտավորպես 1 շաբաթ ենք ունեցել պատրաստվելու համար։ Այդ ժամանակը աշխատում է հօգուտ Դեբլեի։ Շաբաթվա ընթացքում, թեկուզ մի փոքր, բայց կարողացել ենք բարելավել նրա ֆիզիկական վիճակը։ Այս խաղում, ամենայն հավանականությամբ, նա ավելի շատ խաղաժամանակ կստանա։ 

Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր խաղացող դաշտում շատ կարևոր է, այդ թվում նաև Դեբլեն։ Նա հարձակման գծի խաղացող է ու հույս ունենք, որ վաղը կկարողանա արդյունավետ խաղով աչքի ընգնել։ Մեզ համար, սակայն, կարևոր է թիմային խաղը։ 

- Դուք Եվրագավաթներում որակավորման փուլ հաղթահարելու մեծ փորձ ունեք: Բայց այն փաստը, որ «Արարատը» 22 տարի անց առաջին անգամ է որակավորման փուլ հաղթահարել, ավելորդ լարվածություն և պարտավորվածություն չի՞ առաջացնում: 

- Միգուցե առաջին փուլից առաջ կար մի փոքր լարվածություն, բայց հիմա չեմ կարծում, որ այդ փաստի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Դա չի խանգարի մեզ․ չկա նման լարվածություն այլևս։ Այսօր մենք մտածում ենք, որ լավ խաղով կարողանանք հաղթահարել երկրորդ փուլի արգելքը։ Որքանով դա կհաջողվի, ցույց կտա խաղը։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13