TotalFootball.am


16.07.20 20:24

Որոշումներ են ընդունվել ԲԽ-ի ձևաչափի ու լեգեոներների սահմանափակման վերաբերյալ


Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունը կանցկացվի 3 շրջանով, խաղերի հայտացուցակում պարտադիր կլինի Հայաստանում մարզված 9, իսկ խաղադաշտում միաժամանակ՝ 2 ֆուտբոլիստի առկայությունը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հունիսի 16-ին՝ ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է Հայաստանի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների կողմից ստացված առաջարկները՝ Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի ձևաչափի և արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման վերաբերյալ: «Լոռի ՖԱ», «Շիրակ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբներն առաջարկել էին առաջնությունն անցկացնել 2 շրջանով՝ սկսելով օգոստոսին և ավարտելով դեկտեմբերին, որից հետո անցում կատարել գարուն-աշուն համակարգին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս տարվում են աշխատանքներ՝ ուղղված Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը, որոշվել է առայժմ չանդրադառնալ այս ձևաչափի քննարկմանը: Բոլոր ակումբների առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Քննարկումներից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն քվեարկել է առաջնության հետևյալ ձևաչափի օգտին. Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ՝ 2020/2021 մրցաշրջանի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 14-ին՝ 10 թիմերի մասնակցությամբ: Թիմերն անցկացնելու են 3 շրջան՝ 27-ական հանդիպում: Երրորդ շրջանում դաշտի տիրոջ կարգավիճակը որոշելիս հաշվի են առնվելու առաջին երկու շրջանների արդյունքները: Մրցաշարային աղյուսակում այդ պահին 1-5-րդ հորիզոնականները զբաղեցնող 5 թիմերը սեփական հարկի տակ անցկացնելու են 5, իսկ 6-10-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը՝ 4 հանդիպում:

ՀՖՖ գործադիր կոմիտեն կքննարկի՝ որ թիմը կդառնա Բարձրագույն խմբի 10-րդ մասնակիցը, երբ կկայանա ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որտեղ կքննարկվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի որոշումները:

2020/2021 մրցաշրջանից սկսած՝ Բարձրագույն խմբի առաջնությունում 10-րդ տեղ զբաղեցրած թիմը կլքի առաջնությունը՝ տեղափոխվելով Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի հաղթողը կտեղափոխվի Բարձրագույն խումբ: Բարձրագույն խմբում 9-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբն անցումային հանդիպում կանցկացնի Առաջին խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ:

Այնուհետև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քննարկել են Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակումներ մտցնելու հարցը: Հաշվի առնելով ակումբներից ստացված առաջարկները՝ ՀՖՖ գործկոմը միաձայն որոշել է հաջորդ մրցաշրջանից սկսած կիրառել հետևյալ սահմանափակումները. Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, COVID-19-ի համաճարակի հետ կապված, ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին տրամադրվելու է դրամաշնորհ: Առաջարկվեց գումարի մի մասն օգտագործել՝ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբներին Հայաստանի առաջնության մասնակցության համար նախատեսված մուտքավճարից ազատելու համար: ՀՖՖ գործկոմը հավանության է արժանացրել այդ առաջարկը և միաձայն քվեարկել դրա օգտին:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0