TotalFootball.am


04.07.20 12:46

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին:

 

Շահագրգիռ քննարկում ծավալելու ակնկալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկվել է 2 տարբերակ.

 

1.ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցում են 10 թիմեր, որոնք խաղում են 4 շրջանով, անցկացնում են 36-ական հանդիպում՝ գումարած ՀՀ VBET Գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում մեկական: Այս պարագայում առաջնությունն անցնելու է խտացված գրաֆիկով, քանի որ աշնանը անցկացվելու են նաև Հայաստանի ազգային հավաքականի 7 կամ 8 հանդիպումներ։ Նման ընտրության դեպքում առաջնության առաջին հատվածը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ շաբաթվա կեսին անցկացվող տուրերի քանակը կլինի բավականին մեծ։ Գրաֆիկի խտությունը կախված է լինելու նաև հայաստանյան թիմերի եվրագավաթային մասնակցությունից։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 7-ը։

 

2. 10 թիմեր խաղում են 3 շրջանով՝ անցկացնելով 27-ական հանդիպում, գումարած ՀՀ VBET գավաթի խաղարկության հանդիպումներ՝ յուրաքանչյուր փուլում՝ երկուական։ Երրորդ շրջանի հանդիպումները կլինեն վիճակահանությամբ։ Նման տարբերակի կիրառման դեպքում առաջնությունը չի կարող մեկնարկել ավելի ուշ, քան օգոստոսի 14-ը։

 

Անդրադառնալով օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակմանը՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մինչև 2018/19 մրցաշրջանը Հայաստանում երբևէ չի եղել խաղի հայտացուցակում կամ հիմնական կազմում օտարերկրացի ֆուտբոլիստների սահմանափակման և ոչ մի նորմ  (բացառությամբ օտարերկրացի դարպասապահների՝ կարճ ժամանակով գործած սահմանափակման)։ Ընթացիկ մրցաշրջանում կիրառվեց որոշակի սահմանափակում, այն է՝ Բարձրագույն խմբում խաղի հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 7-ը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ: Համաձայն ԵԱՏՄ միջպետական պայմանագրի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Հայաստանում ունեն աշխատանքային նույն իրավունքները: Այս իրավիճակը հաշվի առնելով և ելնելով հայկական ֆուտբոլի ընդհանուր շահերից՝ ակումբների նախագահներին առաջարկվել է Բարձրագույն խմբի առաջնությունում ֆուտբոլիստների մասնակցության մի քանի տարբերակներ.

 

1.Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված  2  ֆուտբոլիստ: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

 

2.Խաղի հայտացուցակում նվազագույնը 10 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Այս դրույթը չպահպանելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

 

3.Խաղի հայտացուցակում նվազագույնը 9 ֆուտբոլիստներ (23-ից) պետք է լինեն Հայաստանում մարզված, որոնցից 2-ը՝ մինչև 23 տարեկան: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված 3 ֆուտբոլիստ: Այս դրույթը խախտելու դեպքում ակումբը տուգանվում է խաղի հայտացուցակում Հայաստանում մարզված 9-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար 1000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ խաղադաշտում Հայաստանում մարզված միաժամանակ 3-ից պակաս յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար՝ 2000 ԱՄՆ դոլարի չափով: Գումարը կուտակվելու է հատուկ հաշվեհամարի վրա և ամբողջապես ուղղորդվելու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թիմ կարող է խաղադաշտ դուրս բերել անսահմանափակ թվով արտասահմանցի ֆուտբոլիստների, ինչը, սակայն, կբերի ֆինանսական տույժերի։

 

ՀՖՖ-ն լիահույս է, որ ակումբները մինչև հուլիսի 6-ը կներկայացնեն ինչպես իրենց տեսակետներն առաջարկվող տարբերակների վերաբերյալ, այնպես էլ իրենց սեփական առաջարկ/տարբերակները: ՀՖՖ-ն պատրաստ է լայն քննարկման առարկա դարձնել վերոնշյալ հարցերը՝ փորձելով գտնել հայաստանյան ակումբային ֆուտբոլում ստեղծված իրավիճակին համարժեք ամենաօպտիմալ լուծումները։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0