Այսօր «Ալաշկերտ-2»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց «Միկա-2»-ի հետ: Խաղը տեղի ունեցավ «Միկա» մարզադպրոցի արհեստական խոտածածկով մարզումային խաղադաշտում: Հայտնում է «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքը:
Մարզիչ Սամվել Պողոսյանի սաները ողջ խաղի ընթացքում ունեին զգալի առավելություն, ինչն արտահայտվեց վերջնարդյունքում՝ 8:3՝ հօգուտ «Ալաշկերտ-2»-ի: Ալաշկերտցիների կազմում իրեն գերազանց դրսևորեց հարձակվող Կարապետ Մանուկյանը, ով, բացի այն, որ խփեց երկու գոլ, վաստակեց նաև երկու 11 մետրանոց հարված: Դրանք հստակ իրացրեց նրա թիմակից Արթուր Սահակյանը:
«Ալաշկերտ-2»-ի մյուս չորս գոլերը խփեցին փորձաշրջան անցնող պատանի ֆուտբոլիստները, ովքեր ընդմիջումից հետո մեկը մյուսի հետևից փոխարինման մտան: Ալդ գոլերը հեղինակեցին Արթուր Խաչատրյանը, Արմեն Ավագյանը, Էդգար Աբրահամյանը և Սուրեն Ալավերդյանը:
Մրցակցի կազմում աչքի ընկան Վլադիմիր Ուլուխանյանը (11 մետրանոց հարվածով), Ալբերտ Միսկիջյանը և Նարեկ Ղազարյանը:
Հաջորդ ստուգողական խաղը «Ալաշկերտ-2»-ը կանցկացնի փետրվարի 8-ին «Բանանց-2»-ի հետ: