TotalFootball.am


29.01.14 15:49

Արաս Օզբիլիս. «Կարպինը մեզ համար կարծես ավագ եղբայր լինի»


Արաս Օզբիլիսը «Սովետական սպորտի»-ի հետ հարցազրույցում պատմել է թե ինչպես է սկսել ֆուտբոլ խաղալ Էդգար Դավիդսի հետ մի բակում, հիշել է «Սպարտակի» և «Այաքսի» միջև խաղերը, բացատրել է, թե որ դիրքում է նրան ավելի հարմար խաղալ, և երբ «կարմրասպիտակների» համար հեռահար հարվածով գոլեր կխփի:

Դավիդսի հետ նույն խաղահրապարակում

-Արաս, դուք փոքր տարիքում խաղացե՞լ եք բակում:

-Իհարկե, ես մեծացել եմ փողոցային ֆուտբոլում:

-Որտե՞ղ է այդ փողոցը, որտե՞ղ է այդ տունը:

-Ամստերդամում: Կերեհստարտ փողոց: Երբ ես փոքր էի, այն ժամանակ տղաները չունեին այփադներ, այֆոններ, Ինտերնետ: Երեխաները փողոցում շատ ժամանակ էին անցկացնում, առավոտից մինչ երեկո ֆուտբոլ էին խաղում:

-Բայց Դուք նաև «Այաքսի» ակադեմիան եք հաճախել:

-Այո, այդ ժամանակ արդեն փողոցում քիչ էի խաղում: Սակայն հանգստյան օրերին միևնույն է ժամանակս անցկացնում էի խաղահրապարակում:

-Ինչպիսի՞ն է այնտեղ խոտածածկը: Արհեստակա՞ն:

-Ասֆալտ է:

-Այժմ, երբ հարազատ բնակավայր եք վերադառնում, խաղահրապարակը ձգու՞մ է:

- Իսկ մենք` փոքր եղբորս հետ, այնտեղ երբեմն խաղում են հաճույքի համար:

-Երեխաները շարունակու՞մ են այնտեղ խաղալ:

-Երբ ես էի խաղում, այնտեղ մոտ 100 մարդ էր հավաքվում: Մեծ հերթ էր առաջանում:   Ինքնընստինքյան մրցաշար էր կազմակերպվում: Այնտեղ խաղում էին թիմեր` 5-ական անդամներով: Եթե սկսում էիր խաղը ժամը 7-ին, և պարտվում էիր, ապա ստիպված էիր լինում 1 ժամ սպասել կրկին խաղալու համար:

-Իսկ եթե ժամը 21:00-ին էիք պարտվու՞մ:

-Այդ ժամանակ արդեն կարելի էր տուն վերադառնալ, որովհետև այլևս հերթ չէր հասնի: Ասում եմ, այնտեղ շատ մարդիկ էին հավաքվում. ի դեպ, շատ հայտնի ֆուտբոլիստներ են այդ խաղահրապարակից դուրս եկել:

-Օրինակ ո՞վ:

-Այնտեղ խաղում էր Էդգար Դավիդսը:

-Դուք նրա դեմ խաղացե՞լ եք:

-Այո, սակայն այն ժամանակ ես շատ փոքր էի: Բայց երբ հանդես էի գալիս «Այաքսի» երկրորդ թիմում, իսկ Էդգարը` առաջինում, ես ասացի նրան. «Մենք միասին նույն փողոցում ենք խաղացել»: Էդգարը չէր սիրում պարտվել: Չնայած ո՞վ է սիրում:

-Դե Դավիդսը շատ կոպիտ ֆուտբոլիստ էր: Իզուր չէր, որ նրան «Պիտբուլ» էին անվանում: Իսկ Ձեզ որևէ մականուն տվե՞լ են:

-Ինձ «Յասկի» էին անվանում: Այն ժամանակ ես արդեն «Այաքսի» ակադեմիա էի հաճախում: Իսկ «Յասկին» կարելի է ասել փողոցային ժարգոնով, նշանակում էր «Այաքս»: Այնտեղ տեխնիկական ֆուտբոլ էր: Ավելի վատ բան չկար, երբ ինչ-որ մեկը գնդակ էր նետում ոտքերիդ միջով: Այդ ժամանակ գնում ես տուն և ամաչում ես: Հետո, հաջորդ խաղում, իհարկե փորձում ես նույնը նրա հետ անել` վրեժ լուծել:

-Ահա թե որտեղից են Ձեր հնարքներն ու դրիբլինգները:

-Այո: Երբեմն մենք  խաղում էինք ոչ թե ֆուտբոլային, այլև բասկետբոլային հրապարակում, այն մոտ է: Իհարկե այնտեղ դարպասներ չկային:

-Դարպասաձողերի փոխարեն աղյուսներ էիք տեղադրու՞մ:

-Ոչ, գոլի փոխարեն մեզ պետք էր հարվածել բասկետբոլային օղակին: Եթե գնդակը դիպչում էր նրան, ապա դա գոլ էր:

-Ո՞րն է Ձեզ համար ավելի լավ` փոխանցում կատարել, թե գոլ խփել:

-Էական չէ: Կարևորը, որպեսզի գոլ լինի և արդյունքում թիմը երեք միավոր վաստակի:

Էյդենի հեռանալը կյանքի չի հեշտացնի

-Էյդեն Մակգիդին` Ձեր դիրքում հիմնական մրցակիցը թիմում, հեռացել է «Սպարտակից»: Այժմ մրցակցությունն այդքան էլ մեծ չի լինի:

-Համաձայն չեմ: Նախ ես խաղում էի, երբ Էյդենը թիմում էր: Մենք երբեմն միաժամանակ էինք խաղադաշտ դուրս գալիս: Նա` աջից, ես` ձախից: Կամ հակառակը: Եվ ընդհանրապես ամեն ինչ կախված է մարդուց. եթե վատ ես խաղում, հիմնական կազմում չես հայտնվում, անգամ եթե տվյալ դիրքում մեկ թեկնածու կա:

-Էյդենն ասել է, որ Ռուսաստանում դժվար էր ապրելը: Իսկ Ձեզ համար ինչպե՞ս է այստեղ: Չէ՞ որ Դուք Եվրոպայում եք մեծացել:

-Ինձ այստեղ կյանքը դուր է գալիս: Էյդենի իրավիճակն այլ է. նա ունի կին, երեխաներ:

-«Կուբանում» Դուք ավելի շատ խաղում էիք կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, իսկ «Սպարտակում»` եզրում: Որտե՞ղ է ավելի հարմար:

-«Կուբանում» խաղում էի և կենտրոնում, և աջ կողմոմ: Սակայն դրա հետ մեկտեղ ես շատ ազատ գործելու հնարավորություն ունեի: Եթե ես աջ դիրքում էի դուրս գալիս խաղադաշտ, ապա խաղի ընթացքում կարող էի շարժվել դեպի կենտրոն:

-«Սպարտակում» ազատությունն ավելի քի՞չ է:

-Փորձում եմ ուղղակի անել այն, ինչ մարզիչն է պահանջում: ամեն դեպքում «Սպարտակը» և «Կուբանը» տարբեր ակումբներ են: Այստեղ մենք գրեթե միշտ պետք է կառավարենք խաղը, մեր խաղը կառուցենք: Իսկ «Կուբանում» հույսը դնում էին հակագրոհների վրա:

-«Սպարտակում» միայն եզրում խաղա՞լն է պատճառը, որ Դուք քիչ եք հայտնվում դարպասի առջև:

-Այո: Ինքներդ եք հասկանում, որ եզրերից հարվածներ կատարելն ավելի բարդ է, քան, երբ խաղում ես կենտրոնում: Եվ բացի դա. «Սպարտակում» բախտն ինձ մի փոքր չժպտաց: Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի եզրափակիչ մասում:

-«Կուբանում» Դուք գեղեցիկ գոլեր էիք խփում, նաև «Սպարտակի» դեմ:

-Այդ խաղում ես հենց կենտրոնում էի խաղում: Դա մեծացնում է ճիշտ հարված կատարելու հնարավորությունը: «Կուբանում» կարողանում էի 5 անգամ հարվածել, իսկ այժմ` երեք: Բայց դա կարևոր չէ:

Հիշում եմ, թե ինչպես էր խաղում Տիխոնովը

-«Կուբանում» Դուք խաղում էիք Լեոնիդ Կուչուկի գլխավորությամբ: Զարմացա՞ք, որ «Լոկոմոտիվը» նրա գլխավորությամբ այդքան առաջ գնաց:

-Կուչուկի պայմանագիրը, որքան հիշում եմ, ավարտվում էր «Կուբանի» հետ: Սակայն, ելնելով նրանից, թե ինչպես էր ընթանում թիմի խաղը, շատերը մտածում էին, որ նա կմնա: Կուչուկն ընտրեց «Լոկոն»: Նա գիտի, թե ինչ է ուզում:

-Հարցազրույցներից մեկի ժամանակ, Դուք ասացիք, որ Կուչուկը հայր-մարզչի դեր է կատարում: Այդ դեպքում, ինչպե՞ս կբնութագրեք Վալերի Կարպինին:

-Կարպինը կարծես ավագ եղբայր լինի: Նա մեծ հեղինակություն ունի թիմում: Դրա հետ մեկտեղ, Կարպինի կատակին կարելի է կատակով պատասխանել: Սակայն դա մտերմություն չէ. մենք բոլորս գիտենք սահմանը: Գնահատելի է այն, որ նա կարողանում է իր մեջ համատեղել հեղինակությունը և խաղացողների հետ վարվելու կարողությունը:

-Յուրա Մովսիսյանին «Սպարտակ» տեղափոխվել հորդորեց լեգենդար Նիկիտա Սիմոնյանը: Ծանո՞թ եք նրան:

-Այո, մենք շփվել ենք «Սպարտակի» և «Զենիթի» միջև խաղից հետո, երբ Նիկիտա Սիմոնյանը մտավ թիմի հանդերձասրահ: Նաև Յուրան է նրա մասին պատմել ինձ:

-«Սպարտակի» նախկին խաղացողներից ամենաշատն ո՞վ է Ձեր մեջ տպավորվել:

-Տիխոնովը,- ժպտում է Օզբիլիսը: Անդրեյը, ինչպես հայտնի է, մտնում է Վալերի Կարպինի մարզչական շտաբի մեջ:

-Ի դեպ, հիշում եք 1998թ-ի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերը, երբ «Սպարտակը» մրցաշարից դուրս թողեց «Այաքսին»: Այն ժամանակ Տիխոնովը խաղում էր:

-Ես 7 կամ 8 տարեկան էի: Չեմ հիշում: Գուցե ես դեռ «Այաքսի» ակադեմիա չէի հաճախում: Ես ավելի շատ հիշում եմ 2011թ-ի խաղը «Սպարտակի» և «Այաքսի» միջև: Այն ժամանակ ես ինքս խաղում էի «Սպարտակի» դեմ, և մենք նույնպես չկարողացանք շարունակել պայքարը:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0