«Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը այսօր` հունվարի 26-ին Ավանի ակադեմիայում տեղի ունեցած «Շիրակ» - «Ուլիս» ընկերական հանդիպումից հետո զրուցեց լրագրողների հետ:
«Սա մեր առաջին ուսումնամարզական հավաքի առաջին խաղն էր: Թիմը վերջին անգամ խաղացել էր 2 ամիս առաջ, բնականաբար, այսօր ավելի շատ ուշադրություն էինք դարձնում աշխատանքին, կամ որակին: Այսօրվա որակը բավարարեց, վատ չէր, ընդամենը ավելորդություններ կային, որոնք պետք է կարողանանք վերացնել: Խաղի հաշվին այդքան էլ ուշադրություն չենք դարձնում, հիմնական նպատակն էր բոլորին տեսնել գործի մեջ: Երկրորդ թիմից երեխաներ ունեինք, այսօր բոլորն էլ հնարավորություն ստացան խաղալու: Բացի այն ֆուտբոլիստներից, ովքեր վնասվածքներ ունեին, վատ չէր, բայց որպես առաջին խաղ ուներ իր թերությունները, որոնց վրա պետք է փորձենք աշխատել: Սա նաև մեր վերջին ստուգողական խաղն էր ամերիկյան թիմի հետ ընկերական խաղից առաջ: Փորձեցինք առաջին խաղակեսն անցկացնել այն կազմով, որով որոշել ենք խաղալ ԱՄՆ-ում ու ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ բավարար էր»:
-Էբուեին առաջին անգամ խաղի մեջ տեսաք, ի՞նչ կասեք նրա մասին:
-Պետք է ասեմ, որ Էբուեի մոտ մի փոքր դժվարություններ են առաջացել կապված եղանակի հետ: Մեր այս ցուրտ եղանակին ոտքերը սառում են ու չի կարողանում լիարժեք շարժվել, բայց վատ տպավորություն չի թողնում: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է ու 2-3 խաղ հետո կկարողանամ ավելի հստակ կարծիք հայտնել:
-Ովքե՞ր են Ձեր նշած վնասվածք ունեցող ֆուտբոլիստները:
-Միակ մտահոգողը Դիդիե Բորիսն է, ով հիմնական կազմի խաղացող է ու ապաքինվել է արդեն, վերջին 2-3 մարզումն անցկացրել է թիմի հետ, բայց չուզեցինք ռիսկի դիմել ու այս խաղին խաղալու հնարավորություն չտվեցինք: Մյուս երկուսը պատանի ֆուտբոլիստներ էին երկրորդ թիմից:
-Հրայր Մկոյանը վերադարձել է «Շիրակ». ի՞նչ կասեք այս մասին:
-Մկոյանն էլ թեթև վնասվածքներ ունի ու այս արհեսատական խոտածածկի վրա այդ վնասվածքներն իրենց զգացնել են տալիս: Այդ պատճառով այսօր որոշեցինք, որ նա 45 րոպե խաղա, ինչպես նաև մեր այն տղաները, ովքեր խնդիրներ ունեն կապված արհեստական խոտածածկի հետ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ում կմարզվենք բնական խոտածածկի վրա, այնուհետև՝ Թուրքիայում ու այդ թեթև վնասվածքները կապված արհեստական դաշտի հետ, կվերանան: