Գյումրիի «Շիրակ»-ը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, այսօր՝ հունվարի 16-ին, բաց մարզում անցկացրեց երկրպագուների և լրագրողների համար:
Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին :
- Նախապատրաստական մարզումներն ինչպե՞ս են ընթանում:
- Հունվարի 13-ից ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում: Ամեն ինչ բնականոն հունով է ընթանում: Երեկվա մարզմանը Դիդյե Բորիսը վնասեց ոտքը, բայց, կարծում եմ` վնասվածքը լուրջ չէ, ու երկու-երեք օր անց ֆուտբոլիստը կվերսկսի մարզումները: Մյուսների հետ ամեն ինչ կարգին է: Հավաքի ընթացքում նապատեսում ենք մեկ ստուգողական հանդիպում անցկացնել «Ուլիս»-ի հետ, օրը դեռ հստակեցված չէ, բայց, ամենայն հավանականությամբ, կխաղանք հունվարի 26-ին: Առաջին հավաքը կտևի մինչև հունվարի 30-ը, դրանից հետո տղաներին երկօրյա հանգիստ կտրամադրվի, ու փետրվարի 2-ին արդեն կմեկնենք Լոս Անջելես: Չորս – հինգ օր կունենանք նախապատրաստվելու նախքան «Գալաքսի»-ի հետ ամսի 8-ին նախատեսված հանդիպումը: «Գալաքսի»-ն բավական լուրջ թիմ է՝ ճանաչված ու փորձառու ֆուտբոլիստներով: Կարծում եմ, սա հիանալի առիթ է «Շիրակ»-ն աշխարհին ճանաչելի դարձնելու համար: Շատ ցանկալի կլիներ, որ մինչև Լոս Անջելես մեկնելը թիմը համալրեինք նոր ֆուտբոլիստներով, սպասում ենք, որպեսզի թիմը կազմավորած կարողանանք հանդես գալ «Գալաքսի»-ի հետ խաղում: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, ետ չենք վերադառնա Հայաստան, ու Մոսկվայից անմիջապես կմեկնենք Անթալիա՝ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Դա արդեն թվով երրորդ հավաքը կլինի մեզ համար, այդ ընթացքում նախատեսում ենք նաև երեք ստուգողական հանդիպում: Փետրվարի 23-ին կվերադառնանք Հայաստան ու կսկենք նախապատրաստվել մարտի երկուսին կայանալիք Հայաստանի առաջնության՝ «Գանձասար»-ի հետ հանդիպմանը:
- Նշեցիք, որ թիմում նոր համալրումներ են սպասվում: Ո՞ր դիրքերն եք ցանկանում ուժեղացնել:
- Ցանկանում ենք թիմն ուժեղացնել մեկ պաշտպանողական ոճի ֆուտբոլիստով, բայց ով կկարողանա երկու-երեք դիրքում խաղալ: Կիսապաշտպանական գծի երկու եզրային ֆուտբոլիստներով ևս ցանկանում ենք թիմն ուժեղացնել: Բանակցություններ արդեն վարում ենք, անուններ չեմ ցանկանում տալ: Աշխատանքներ են տարվում նաև Սերժ Դեբլեի, այսինքն հարձակման գիծը նորից ուժեղացնելու ուղղությամբ:
- Կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր այսօր արդեն մարզվում էին թիմի հետ:
- Այս պահին մեկ երիտասարդ հենակետային կիսապաշտպան է փորձաշրջան անցնում մեր թիմում, Կոտ դ՛իվուարից՝ Էբույեն:
- Կարեն Մուրադյանը փորձաշրջան է անցնում Լեհաստանում: Այդ մասին ի՞նչ կասեք:
- Կարեն Մուրադյանը դեռ մեզ հետ չի կապվել, լրատվամիջոցներից երեկ տեղեկացա, որ ընկերական հանդիպման է մասնակցել լեհական թիմի կազմում: Երևի թե, մենք այս պահին տիրապետում ենք այնքան ինֆորմացիայի, որքան՝ դուք: Շատ բան ասել չեմ կարող ասել: Ամեն պահի նրանից լուրի ենք սպասում, որպեսզի հասկանանք Կարեն Մուրադյանը կմա «Շիրակ»-ում, թե ոչ:
- Իսկ հնարավո՞ր է, որ այլ ֆուտբոլիստներ ևս հեռանան «Շիրակ»-ից:
- Չի բացառվում, բայց չեմ կարծում: Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա: