TotalFootball.am


13.11.13 23:46

Ռումյան Հովսեփյան. «Կյանքիս նպատակը Ազգային հավաքականում և եվրոպական գրանդ ակումբում խաղալն է»


Դիլիջանի «Իմպուլս»-ի լուծարումից հետո թիմի ֆուտբոլիստները ստացան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ու սկսվեցին նոր ակումբի փնտրտուքները: «Դիլիջանցիներ»-ից շատերը, այդ թվում և թիմի երիտասարդ կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, որոշեցին ՀՀ Բարձրագույն խմբի նոր առաջնությունը սկսել «Բանանց»-ի կազմում: «Իմպուլս»-ի լուծարման, նոր ակումբի, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության, նախկին մարզչի վերադարձի և շատ այլ հարցերի շուրջ զրուցեց «Բանանց»-ի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը TotalFootball.am-ի թղթակցի հետ:

Ծննդյան տարեթիվը` 1991 թվականի նոյեմբերի 13

Ծննդավայրը` Երևան
Տվյալ պահին բնակվում է ` Երևանում
Կենդանակերպի նշանը` Կարիճ
Քաշը` 79 կգ 
Հասակը` 186 սմ
Սիրելի կատարողները` Նենսի Աջրամ, Մարտին Մկրտչյան
Մարզաշապիկի համարը` 14
Ֆուտբոլային դիրքը` կենտրոնական կիսապաշտպան

Թիմեր, որտեղ խաղացել է` «Փյունիկ 2», «Իմպուլս 2», «Իմպուլս», «Բանանց»

Սի՞րտը՝ ազատ է

«Առաջարկներ ունեի Հայաստանի գրեթե բոլոր ակումբներից»

-Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել ֆուտբոլով:

-Առաջին քայլերս եղել են նախկինում Մալաթիայի ֆուտբոլի դպրոց, ներկայիս «Բանանց»-ում: Առաջին մարզիչս եղել է հայրս՝ Անդրանիկ Հովսեփյանը: Այնուհետև, 2005 թվականին տեղափոխվել եմ «Փյունիկ»-ի մանկապատանեկան թիմ, որտեղ էլ անցել եմ իմ ֆուտբոլային դպրոցը: Արդեն 2010 թվականին տեղափոխվեցի «Իմպուլս», որից հետո էլ, այս ամռանը՝ «Իմպուլս»-ի լուծարումից հետո տեղափոխվեի «Բանանց»:

-Կխոսե՞ս «Իմպուլս»-ի մասին. ինչպիսի՞ն էր ձեր թիմն առհասարակ:

-Նախ ասեմ, որ շատ ամուր, շատ լավ, կայուն կոլեկտիվ ունեինք: Մենք մի ընտանիք էինք, ունեինք շատ լավ ֆուտբոլիստներ, լավ խաղ էինք ցուցադրում: Այդ թիմում ինձ ամեն ինչ դուր էր գալիս թե՛ լավը, թե՛ վատը: Իսկ թիմի լուծարումը շատ անակնկալ եղավ մեզ համար, ինչի համար մինչ այսօր բոլորս ցավում ենք:

-Այնուհետև սկսվեցին ակումբի փնտրտուքները. ինչու՞ հենց «Բանանց»:

-Նախ ասեմ, որ մտադրություն ունեի տեղափոխվելու Եվրոպա, չստացվեց: Ասեմ նաև, որ առաջարկներ ունեի Հայաստանի գրեթե բոլոր ակումբներից, բայց ընտրեցի «Բանանց»-ը, որովհետև ընտրեցի ու վերջ (ժպտում է):

-Ինչպե՞ս կգնահատես ընթացիկ առաջնությունը «Բանանց»-ի համար և ի՞նչ կասես մրցակիցների մասին:

-Մենք խաղից խաղ ավելի լավ ենք խաղում. դա պայմանավորված է նրանով, որ թիմի նոր է: Իսկ ընթացիկ առաջնությունը շատ հետաքրքիր է ստացվել, քանի որ միավորների քանակը շատ խիտ է դասավորված, ինչը շատ լավ է: Պայքարում են բոլոր թիմերը: Կարծում եմ, որ մինչև վերջ էլ առաջնությունը նույն կերպ կընթանա:

-Ի՞նչ կասես ՀՀ Գավաթի խաղարկությունում անցկացրած ու անցկացվելիք խաղերի մասին:

-Երկու շատ դժվար հանդիպում անցկացրինք «Շիրակ»-ի հետ իրենց դաշտում հաղթելով 1-2, իսկ մեր դաշտում պարտվելով 0-1 հաշվով, բայց կարողացանք անցնել հաջորդ փուլ: Հիմա դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, որտեղ մեզ շատ լուրջ ու դժվարին փորձություն է սպասվում «Գանձասար»-ի հետ: Դուք ինքներդ էլ գիտեք, թե ինչքան դժվար է «Գանձասար»-ի հետ իրենց հարկի տակ խաղալը, բայց կանենք ամեն ինչ, ջանք ու եռանդ չենք խնայի, որ եզրափակիչ դուրս գանք ու պայքարենք չեմպիոնության համար:

-«Իմպուլս»-ի թիմակիցներիցդ շատերը քեզ հետ են նաև «Բանանց»-ում. որքանո՞վ է այդ փաստն օգնում խաղադաշտում:

-Օգնում է իրար լավ հասկանալ, որովհետև երկար ժամանակ խաղացել ենք մի ակումբում և կարելի է ասել, կես բառից հասկանում ենք իրար:

-Նախկին մարզիչդ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը, վերադարձել է Բարձրագույն խումբ. ի՞նչ կասես այս մասին ու ի՞նչ կմաղթես նրան: 

-Շատ ուրախ եմ, որ Գյուլբուդաղյանցը վերադարձել է Բարձրագույն խումբ, որովհետև նրա վերադառնալով առաջնությունն ավելի է հետաքրքրացել: Մաղթում եմ միայն հաղթանակներ նոր թիմի կազմում:

Ամենախիստ քննադատը հայրս է 

-Այն բոլոր առանձնահատկություններից, որով պետք է օժտված լինի ֆուտբոլիստը, ո՞րն ես համարում ամենակարևորը: 

 -Առաջինը ֆուտբոլային բնավորություն, տաղանդ, ցանկություն ու հավատ:

 -Ո՞վ է քո ամենանվիրական երկրպագուն, առաջին քննադատն ու ամենալավ խորհրդատուն:

-Ամենանվիրական երկրպագուներս շատ են. ընկերներս, քույրերս, եղբայրներս: Գրեթե յուրաքանչյուր խաղի մի ողջ բանակ է ներկա իմ խաղին (ծիծաղում է): Ամենաքննադատական խոսքերը լսում եմ հայրիկիցս, նշանակություն չունի լավ եմ խաղացել, թե վատ, քննադատական խոսքեր մեկ է լինում են, ինչն իհարկե, ինձ համար է: Այս ամենին գումարած, խորհուրդները նույնպես լինում են հայրիկիս կողմից:

-Կա՞ մի ավանդույթ, որ անպայման իրականացնում ես դաշտ դուրս գալուց առաջ:

-Այո՛, այն պահին, երբ մրցավարները սպասում են թիմերի դաշտ դուրս գալուն, ես աղոթում եմ Աստծուն, որ ինձ ուժ տա, օգնի ինձ և լինի իմ կողքին:

-Պարտության դեպքում ինչպե՞ս ես հանգստացնում նյարդերդ խաղից հետո:

-Տանը պառկած և երաժշտություն եմ լսում:

«Ռեալ»-ի երկրպագուից «Բարսելոնա»

-Բացի Հայաստանի առաջնության խաղերից, ո՞ր երկրի առաջնությանն ես հետևում  և ո՞ր թիմի երկրպագու ես:

-Ասեմ, որ մանկուց երկրպագել եմ Մադրիդի «Ռեալ»-ին մինչև ֆուտբոլից լուրջ հասկանալս: Հիմա շատ եմ սիրում «Բարսելոնա»-ի խաղն ու իրենց թիմը:  «Արսենալ»-ն եմ շատ սիրում: Հետևում եմ բոլոր եվրոպական առաջնություններին:

-Եթե հնարավորություն ստանայիր ընտրելու մի թիմ, որտեղ պետք է շարունակես քո պրոֆեսիոնալ կարիերան ո՞րը կլիներ այն:

-Ցանկացած եվրոպական թիմ, որտեղ կզգան իմ կարիքը ու ես կկարողանամ արդարացնել իրենց սպասելիքները:

-Կա՞ ֆուտբոլիստ, ում խաղը հավանում և փորձում ես ընդօրինակել:

-Անպայման: Խավի Էռնանդես և Կակա: Փոքր տարիքում իմ կուռքը եղել է բրազիլացի Ռոնալդոն, բայց խաղով միշտ փորձել եմ Կակային և Խավիին նմանվել:

Ազգային հավաքականը կյանքի նպատակ 

-Ինչպե՞ս ես սիրում լիցքաթափվել ֆուտբոլից դուրս:

-Ընկերներիս հետ եմ ժամանակս անցկացնում, ժամանցային խաղեր խաղում. նարդի, բլոտ, բիլիարդ, թենիս և այլն:

-Ո՞րն է քո բնավորության ամենալավ գիծը:

-Շատ են, բայց կնշեմ ամենակարևորները. ազնվություն, մաքրություն ու նվիրվածություն:

-Հազվադեպ հանդիպող անուն ունես…

-Դա ինձ ճանաչողներին ամենաշատ հուզող հարցն է (ժպտում է): Անունս ստացել եմ ի պատիվ պապիկիս, ում անունը նույնպես Ռումյան է:

-Ո՞րն է քո կյանքի նպատակը:

-Կյանքիս նպատակը Ազգային հավաքականում  ու եվրոպական որևէ գրանդ ակումբում խաղալն է, որով կհպարտանա մեր հայ ազգը:

-Ինչպե՞ս ես քեզ տեսնում 5 տարի անց:

-5 տարի անց ամեն ինչ լավ կլինի, շատ լավ (ժպտում է):

Ստելլա ԲԱԲԼՈՅԱՆ

 


 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0