TotalFootball.am


13.11.13 21:51

U-21. Ֆուտբոլ` ռեգբիի դաշտում. Ֆրանսիա - Հայաստան հանդիպման շուրջ


Նոյեմբերի 14-ին Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները երկրորդ անգամ կհանդիպեն 2015 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական 10-րդ խմբի հանդիպումների շրջանակներում:

Նոր մարզիչ

Հայաստանի հավաքականը, ինչպես հայտնի է, Ֆրանսիա է մեկնել նոր մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: «Արարատի» մարզիչը, ինչպես և խոստացել էր, մեծ փոփոխություններ չի կատարել հավաքականի կազմում: Հրավիրվածների կորիզը կազմում են «Փյունիկի» ֆուտբոլիստները: Նոր անուններ են միայն Արտյոմ Սիմոնյանն ու Սարգիս Շահինյանը, որոնց Խաշմանյանը ճանաչում է մինչև 19 տարեկանների հավաքականից:

Մոռանալ երևանյան խաղը և չսպառել ուժերը

Հայաստանի հավաքականի համար սրանք են թվում գլխավոր խնդիրները: Երևանում կայացած խաղում մեր ընտրանին խոշոր 1-4 հաշվով էր պարտվել՝ խաղավերջում խփելով միայն հեղինակության գոլ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պետք է ձգտեն ապացուցել, որ միևնույն թիմերի միջև հանդիպումները կարող են տարբեր սցենարներով ընթանալ, սակայն չպետք է մոռանան նաև, որ ընդամենը հինգ օր անց արտագնա խաղ են ունենալու նաև Բելառուսում:

Բուքմեյքերները չեն հավատում

Միջազգային բուքմեքերական ընկերությունները Ֆրանսիայի ընտրանուն բացահայտ ֆավորիտ են համարում և նրանց հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունում ընդամենը 1.06 գործակցով: Ոչ-ոքիի գործակիցն է 9.77, իսկ Հայաստանի հավաքականինը՝ 22.34:

Չփչացնել վիճակագրությունը

Հայաստանի երիտասարդական հավաքականն ավելի հաջող է հանդես գալիս մրցակցի հարկի տակ: Վերջին պարտությունը թվագրված է 2009 թվականի հոկտեմբերի 13-ին, երբ մեր ընտրանին 0-1 հաշվով պարտություն էր կրել Թուրքիայից: Դրան հետևած արտագնա խաղերում այս արդյունքներն են գրանցվել.

03.03.10. Իռլանդիա - Հայաստան 1:2 (Լևոն Հայրապետյան, Գևորգ Ղազարյան)

20.05.10. Էստոնիա - Հայաստան 2:3 (Գևորգ Ղազարյան-2, Դավիթ Մանոյան)

07.09.10. Վրաստան - Հայաստան 0:2 (Արտակ Դաշյան, Վալտեր Պողոսյան)

03.09.11. Անդորրա - Հայաստան 0:1 (Վալտեր Պողոսյան)

06.09.11. Չեխիա - Հայաստան 1:1 (Էդգար Մալաքյան)

15.08.12. Ուելս - Հայաստան 0:1 (Հովհաննես Համբարձումյան)

10.09.12. Մոնտենեգրո - Հայաստան 0:0

11.08.13. Ղազախստան - Հայաստան 0:1 (Գագիկ Պողոսյան)

Ռեգբիի դաշտում

Հանդիպումը կայանալու է ոչ թե Թուլուզի քաղաքային մարզադաշտում, որտեղ իր հանդիպումներն է անցկացնում համանուն ֆուտբոլային ակումբը, այլ «Էռնեստ-Վալլոն» մարզադաշտում, որտեղ ռեգբիի հանդիպումներ են անցկացվում: Այս մարզադաշտը պատմության ընթացքում ընդամենը կարճ ժամանակով է ծառայել ֆուտբոլային նպատկաներով, երբ քաղաքի ֆուտբոլային ավելի մեծ մարզադաշտը վնասվել էր պայթյունի հետևանքով: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը նշել է, որ դա իրեն ամենևին չի անհանգստացնում. «Կարևորը, որ ֆուտբոլի դարպասներ են լինելու, այլ ոչ թե ռեգբիի»,- նշել էր նա:

Հիշեցնենք, որ հանդիպումը նոյեմբերի 14-ին է, Երևանի ժամանակով 23:50-ին:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0