TotalFootball.am


17.09.13 00:09

Հայաստանի առաջնության հինգերորդ տուրի խորհրդանշական հավաքականը


Հայաստանի առաջնության հինգերորդ տուրի խորհրդանշական հավաքականում,բնականաբար, գերիշխում են «Գանձասարի» ֆուտբոլիստները, ովքեր 9:2 հաշվով հաղթանակ էին տարել այս փուլում:

Արթուր Հարությունյան (Շիրակ)  (2*)

Փորձառու դարպասապահը փրկեց իր թիմին պարտությունից՝ «Արարատի» դեմ խաղում հետ մղելով 11 մետրանոց հարվածը:

Գորան Օբրադովիչ (Գանձասար)

Սերբ պաշտպանը դարձավ  «Ալաշկերտի» դեմ խաղում իր թիմի բազմաթիվ գոլերից մեկի հեղինակը:

Անդրանիկ Ոսկանյան (Միկա) (2)

Երիտասարդ պաշտպանը վստահ հանդիպում անցկացրեց «Բանանցի» դեմ խաղում և օգնեց իր թիմին անառիկ պահել դարպասը:

Ֆոֆանա Սեկու (Բանանց)

32-ամյա Գվինեացի պաշտպանը օգնեց իր թիմին, որպեսզի շատ վտանգավոր պահեր չստեղծվեն թիմի դարպասի մոտ:

Արարատ Առաքելյան (Գանձասար)

Փորձառու ֆուտբոլիստը անկյունայինի խաղարկումից հետո գլխով հարվածով վերջակետ դրեց «Ալաշկերտի» տանջանքներին:

Սամվել Մելքոնյան (Գանձասար) (2)

29-ամյա ֆուտբոլիստը, օգտվելով մրցակցի խաղային գոտիներում առաջացած տարածություններից, ցույց էր տալիս իր անհատական անցումներ կատարելու ունակությունը: Դա հատկապես դրսևորվեց «Գանձասարի» երրորդ գոլի ժամանակ, երբ Սամվելը գրավեց մրցակցի դարպասը:

Արտավազդ Բոյաջյան (Ուլիս)

22-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դառնալով «Փյունիկի» դեմ խաղում՝ բացեց իր գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում և օգնեց իր թիմին միավոր վաստակել:

Արտակ Դաշյան (Գանձասար) (4)

Արտակ Դաշյանը նույնպես անմասն չմնաց «Ալաշկերտի» դեմ հանդիպման «խրախճանքից» և, գոլի հեղինակ դառնալով, ամրապնդեց իր դիրքերը բարձրագույն խմբում:

Դավիթ Զաքարյան (Փյունիկ)

19-ամյա ֆուտբոլիստն արդեն երկորրդ խաղում հաջող է մտնում փոխարինման: Նախորդ տուրում նա փոխարինման մտնելուց հետո գոլի հեղինակ դարձավ և օգնեց իր թիմին խուսափել «Բանանցի» դեմ պարտությունից: Այս անգամ Դավիթից գոլ խփելու համար պահանջվեց 16 րոպե և նա կրկին օգնեց «Փյունիկին» միավոր վաստակել:

Գևորգ Նռանյան (Արարատ) (2)

Գևորգ Նռանյանը երկու օգտակար գործողությամբ աչքի ընկավ «Շիրակի» դեմ խաղի ընթացքում: Նա նախ գլխով լավ գոլի հեղինակ դարձավ, ապա 11 մետրանոց վաստակեց, որը, սակայն, չիրացվեց:

Նարեկ Բեգլարյան (Գանձասար)

Նարեկ Բեգլարյանը խաղասկբում երկու գոլի հեղինակ դառնալով՝ սկիզբ դրեց «Ալաշկերտի» ջախջախմանը: Ի վերջո, նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ 9:2 հաշվով ավարտված խաղում:

Գլխավոր մարզիչ՝ Սևադա Արզումանյան (Գանձասար) - Այս տուրում միակ հաղթանակ տարած մարզիչը թեև արդեն գիտեր, որ հաղթանակն ապահովված է, կանգ չէր առնում և ողջ հանդիպման ընթացքում իր թիմին առաջ էր մղում, որպեսզի էլ ավելի խոշոր դարձնի առավելությունը:

* - Խաղացողների դասավորությունը խաղադաշտում պայմանական է: Փակագծերում նշված է, թե ֆուտբոլիստը քանի անգամ է այս մրցաշրջանում հայտնվել խորհրդանշական հավաքականում:





  Լրահոս



Հայաստան


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6