«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարկը մերժելու որոշումը:
«Այո, ես իսկապես «Բարսելոնայից» առաջարկ եմ ստացել, անձամբ Էրիկ Աբիդալի ու Օսկար Գարայի կողմից, բայց ես չեմ ընդունել այն, քանի որ ինձ համար դեռ չափազանց վաղ է այդ թիմը մարզելը: Բայց դա մնում է ապագայի իմ երազանքը:
Առաջին հերթին ես իմ որոշման մասին հայտնել եմ ընտանիքիս, հետո «Ալ-Սադի» ֆուտբոլիստներին, քանի որ նրանք հետևում էին իրադարձությունների զարգացմանը: Երեք օր ես լավագույն վիճակում չէի աշխատանքի համար, բայց հիմա լիովին կենտրոնացած եմ «Ալ-Սադի» վրա», - Չավիի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» Չավիին մարզչի պաշտոնը առաջարկել էր Էռնեստո Վալվերդեին հեռացնելուց առաջ: Արդյունքում «կապտանռնագույնների» ղեկը ստանձնեց «Բետիսի» նախկին մարզիչ Կիկե Սետյենը: