TotalFootball.am


05.12.19 21:28

Օլեգ Բլոխինը՝ Խորեն Հովհաննիսյանի, հայկական ֆուտբոլի, Մխիթարյանի և այլ հարցերի մասին


 

Ուկրաինացի լեգենդար հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր (1975) Օլեգ Բլոխինի հետ TotalFootball.am-ը զրուցել է ուկրաինական ֆուտբոլի, հավաքականի ղեկին ԱԱ-2006-ի 1/4 եզրափակիչ հասնելու, Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ նախագահ դառնալու հավակնության, Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի շանսերի, «Ոսկե գնդակի» ու Մեսսի-Ռոնալդու մրցակցության մասին:

- Օլեգ Վլադիմիրովիչ, ինչպե՞ս է հիմա Ձեր առողջությունը: Ինչո՞վ եք զբաղվում այժմ:

- Հիմա ես աշխատում եմ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Պատասխանատու եմ մանկական ֆուտբոլի զարգացման համար: Քանի դեռ մարզչական աշխատանք չկա, իհարկե, գոհ եմ նրանից, ինչով զբաղվում եմ: Կարևորը՝ ֆուտբոլի մեջ եմ, ֆուտբոլն ինձնից շատ չի հեռացել, ուստի ամեն ինչ լավ է: Առողջությունս ևս հիմա լավ է:

- Մարզչական աշխատանքի վերադառնալու պլաններ կա՞ն:

- Ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք: Ինչ ասես՝ կարող է պատահել: Եթե առաջարկ լինի, կարող է և վերադառնամ:

- Դուք բազմաթիվ ռեկորդների հեղինակ եք ու «Ոսկե գնդակի» դափնեկիր: Ի՞նչ եք կարծում, Ձեր ժամանակ ավելի հե՞շտ էր ռեկորդներ սահմանելը, «Ոսկե գնդակ» ստանալը, քան՝ հիմա:

- Կարծում եմ՝ մեր ժամանակ ամեն ինչ շատ ավելի դժվար էր: Ֆուտբոլի մակարդակը, իմ կարծիքով, բարձր էր: Մեր ժամանակ առաջնությունը դժվար էր նաև մեզ մոտ՝ Խորհրդային միությունում: Մեր խաղերն արտասահմանում չէին ցուցադրում, ուստի դժվար էր «Ոսկե գնդակ» նվաճելն այն ժամանակ:

- Օրերս Մեսսին ստացավ իր 6-րդ «Ոսկե գնդակը»: Համաձա՞յն եք նման ընտրության հետ: Դուք ո՞ւմ կհանձնեիք մրցանակն այս տարի:

- Դժվարանում եմ ասել: Չգիտեմ: Ինձ թվում է՝ Մեսսիի ու Ռոնալդուի համար սրանք արդեն վերջին «Ոսկե գնդակներն» էին: Կարծում եմ՝ հաջորդ տարի ինչ-որ նոր մեկը կստանա այդ մրցանակը:

- Որպես փորձառու նախկին ֆուտբոլիստ, մարզիչ՝ ինչպե՞ս կգնահատեք Մեսսի-Ռոնալդու մրցակցությունը ֆուտբոլի պատմության համար:

- Նրանք շատերի համար կուռք են, մոտիվացիայի օրինակ: Նրանցից մեկն արդեն 5 «Ոսկե գնդակ» ունի, մյուսը՝ 6: Նրանք իսկապես մեծագույն ֆուտբոլիստներ են, այստեղ ասելու այլ բան չկա: Այդ երկուսի մրցակցությունն իսկապես լավ է ֆուտբոլի զարգացման համար: Բայց նրանց ժամանակը ևս կավարտվի, նոր ֆուտբոլիստներ կգան, նորերը կդառնան կուռքեր, ինչպես իրենց ժամանակին Պելեն, Բեկենբաուերը, Մարադոնան էին: Ժամանակը գնում է, ամեն ինչ փոխվում է: Ես, օրինակ, որպես նրանց փոխարինողի տեսնում եմ Մբապեին: Եթե նա չդադարի աճել, կարող է շատ լավ ֆուտբոլիստ դառնալ: Էլի կան երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Բայց ֆուտբոլիստի կարգը որոշվում է նրանով, թե որքան երկար է նա խաղում բարձր մակարդակով: Ռոնալդուն ու Մեսսին ապացուցում են, որ իրենց համար դեր է խաղում ոչ թե փողը, այլ այն, որ իրենք սիրում են ֆուտբոլը, և արդեն քանի տարի է՝ նույն մակարդակով ֆուտբոլ են խաղում: Դա է ամենագլխավորը:

- Դուք Ձեր մեծ հետքն ունեք ուկրաինական ֆուտբոլի զարգացման մեջ: Ձեզ հետ հավաքականը հասավ իր պատմության լավագույն նվաճմանը՝ խաղալով ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչում: Ի՞նչ ջանքերի շնորհիվ Ձեզ հաջողվեց այդ արդյունքին հասնել:

- Դա, երևի, դժվար է բառերով փոխանցելը (ծիծաղում է՝ հեղ.): Այնքան երկար ժամանակ է անցել դրանից, դժվար է հիմա խոսելը այդ մասին: Ամեն ինչ, երևի, պետք է ստացվի՝ և´ հաջողությունը, և´ բախտը, և´ մարզչական միտքը, ֆուտբոլիստների ընտրությունը: Դա կոմպլեքս աշխատանք է: Բայց, կարծում եմ, հաջող ստացվեց ամեն ինչ: Այդ ժամանակ ես մի կողմից շատ մեծ ուրախություն էի զգում, մյուս կողմից սարսափելի հոգնել էի:

- Հիմա ձեր հավաքականը հնարավորություն ունի պայքարելու Եվրո-2020-ում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք:

- Շանսերը լավն են: Նրանք խմբում առաջին տեղը զբաղեցրին՝ հաղթելով Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականներին: Ընդ որում, պորտուգալացիները Եվրոպայի գործող չեմպիոնն են: Բացի դրանից, վիճակահանությունը ես համարում եմ շատ բարեհաջող: Կարծում եմ՝ հիմնական պայքարը լինելու է Հոլանդիայի հավաքականի հետ, թե ով կզբաղեցնի առաջին, ով՝ երկրորդ տեղը: Խմբից հաստատ պետք է դուրս գան: Հետագան ժամանակը ցույց կտա, բայց ինձ թվում է, որ պետք է բավականին հեռուն գնան:

- Շևչենկոյի աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք:

- Ես, անկեղծ ասած, գնահատականներ չեմ տալիս այլ մարզիչների: Դա մարզչական կոռեկտություն է: Բայց կեցցե, առաջ տարավ հավաքականին: Մնացածը չեմ քննարկի: Դա նրա աշխատանքն է, ես չեմ պատրաստվում գնահատականներ տալ, այդպիսին է իմ սկզբունքը: Կլինեն մարդիկ, ովքեր կքննարկեն, կքննադատեն: Բայց ես չեմ քննարկում: Ամենակարևորն այն է, որ նա հավաքականին դուրս բերեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ:

- Ըստ Ձեզ՝ վերջին տարիների իրադարձությունները որքանով ազդեցին ուկրաինական ֆուտբոլի մակարդակի ու աճի վրա:

- Ամեն ինչ կախված է երկրում տնտեսական վիճակից: Եթե տնտեսական վիճակը լավ է, համապատասխանաբար ֆուտբոլն էլ կզարգանա: Ժամանակ պետք է անցնի: Բայց, ըստ էության, գտնում եմ, որ հիմա նորմալ մակարդակ ունի մեր ֆուտբոլը: Չնայած՝ առանձնանում են երկու թիմեր՝ «Շախտյորն» ու «Դինամոն»: Բայց ինչ անել: Սարսափելի ոչինչ չկա, միանգամայն բնական է:

- Հայաստանում հետխորհրդային շրջանում պատերազմ էր, տնտեսական վիճակը կայուն չէ: Հետևո՞ւմ եք արդյոք հայկական ֆուտբոլին: Մենք շանս ունե՞նք երբևէ բարձրակարգ ֆուտբոլ ունենալու:

- Ես շատ վաղուց չեմ եղել Հայաստանում, չգիտեմ՝ հիմա այդտեղ ինչ վիճակ է, ուստի ինձ համար դժվար է որևէ բան ասելը: Հայաստանի առաջնությանը ես չեմ հետևում, միայն՝ ազգային հավաքականին: Դիտել եմ՝ ինչպես խաղացին Իտալիայի ու Ֆինլանդիայի հավաքականների հետ: Ըստ էության, նորմալ մակարդակ ունի հավաքականը: Իհարկե, Իտալիայի հավաքականի հետ մրցակցելը դժվար է, նրանք շատ բարձր մակարդակ ունեն: Ընդհանուր առմամբ հայկական ֆուտբոլին չեմ հետևում, անկեղծորեն ասում եմ (ծիծաղում է՝ խմբ.): Քիչ են ցուցադրում, Հայաստանում չեմ եղել, ոչ մեկի հետ չեմ զրուցել: Ֆուտբոլի մեջ պետք է ապրես, նայես՝ ինչ է կատարվում, ինչպես են խաղում, ինչ թիմեր են, ինչ մակարդակ է: Պետք է լինել Երևանում, հետևել խաղերին, որպեսզի կարողանաս որևէ բան անել: Այսպես ոչինչ ասել չեմ կարող:

- Դուք ուկրաինական ու սովետական ֆուտբոլի լեգենդներից մեկն եք: Հիմա Ձեզ ըստ արժանվույն գնահատված զգո՞ւմ եք:

- Ոչ, այնքան էլ չէ: Առաջ ավելի գնահատված էի, հիմա քիչ է: Կյանքն առաջ է գնում, նոր կուռքեր են հայտնվում: Եթե հանդիպում են ինձ, ճանաչում են, ինքնագիր են խնդրում: Միանգամայն նորմալ է ամեն ինչ: Ոչինչ ասել չեմ կարող: Հիմա ավելի երիտասարդ սերունդն է շատ, որոնք չեն տեսել իմ խաղը, չեն հիշում մեր ժամանակները: նրանց կուռքերն են Մեսսին, Ռոնալդուն… Ես հանգիստ եմ վերաբերվում այդ ամենին: Եթե կցանկանան տեսնել, դրա համար կա YouTube, Instagram, թող նայեն:

- Սովետական շրջանից մենք ունենք Խորեն Հովհաննիսյան: Դուք նույնիսկ խաղացել եք նրա հետ: Ի՞նչ տպավորություններ, հիշողություններ ունեք նրանից:

- Այո, Խորիկի հետ խաղացել եմ: Ես, առհասարակ, Հայաստանից ունեմ լավ հիշողություններ: Մեզ այդտեղ միշտ շատ լավ էին ընդունում: Հիշում եմ՝ այդտեղ մի շուկա կար, որտեղից մրգեր էինք գնում: Խորիկն այն ժամանակվա լավագույն կիսապաշտպաններից մեկն էր: Նույնիսկ կարող եմ ասել, որ «Արարատում» խաղալիս նա Երևանի գլխավոր աստղերից մեկն էր:

- Կարծում եմ՝ տեղյակ եք, որ նա հիմա պայքարում է ՀՖՖ նախագահ դառնալու համար: Ըստ Ձեզ, նման պաշտոնի համար նա ունի՞ անհրաժեշտ որակներ:

- Դժվար է ասել, չգիտեմ: Ես կարծում եմ, որ եթե մարդը գնում է նման պաշտոնի, պետք է հասկանա, որ դա պատասխանատու պաշտոն է, նա պետք է իմանա՝ ինչպես կառավարել: Բայց եթե Խորենը որոշել է գնալ այդ քայլին, ուրեմն գիտակցում է պատասխանատվության չափը, որը կընկնի իր ուսերին, եթե ընտրվի: Միայն հաջողություններ եմ մաղթում նրան: Ես Խորենին շատ եմ սիրում, հարգում: Կդառնա նա նախագահ, թե՝ ոչ, մեր ընկերությունը, միևնույնն է, կմնա ինչպես որ եղել է: Նրան ու ամբողջ հայկական ֆուտբոլին հաջողություն եմ մաղթում:

- Դուք եղել եք ֆուտբոլիստ, մարզիչ, հիմա էլ՝ ֆեդերացիայում պաշտոն ունեք: Ըստ Ձեզ՝ լինել լավ ֆուտբոլիստ, լինել լավ մարզիչ, լինել լավ ֆուտբոլային գործիչ – միևնույն մարդու համար շատ դժվա՞ր է:

- Ինձ համար հեշտ էր: Ես պատգամավոր եմ եղել Ուկրաինայի Բարձրագույն Ռադայում, ես ինչ-որ կուրսեր եմ անցել քաղաքականության մեջ, դրա համար էլ ինձ համար մի քիչ հեշտ էր: Ֆուտբոլային ֆունկցիոներ դառնալը ոչ բոլորին է հաջողվում: Երբեմն մեծագույն ֆուտբոլիստին չի հաջողվում լավ մարզիչ դառնալ: Ամեն ինչ կախված է լինելու միայն իրենից:

- Ժամանակակից հայկական ֆուտբոլի լեգենդը հիմա Մխիթարյանն է: Դուք նրա խաղին ծանո՞թ եք: Ի՞նչ կարծիքի եք Հենրիխի մասին:

- Հենրիխի հետ անձամբ ծանոթ չեմ: Նա երիտասարդ սերնդից է: Բայց նա հայկական ֆուտբոլի աստղն է, դա պետք է ընդունել: Ձեր հավաքականը հաջողության հասնելու լավ շանսեր ուներ, բայց դուք բաց թողեցիք այն: Մխիթարյանը հավաքականի առաջատարն է, նա ջանքեր է գործադրում: Միայն հաջողություններ եմ մաղթում Հայաստանի հավաքականին: Ի վերջո, ամեն ինչ միանգամից չի ստացվում:

Հռիփսիմե Գալստյան





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0