TotalFootball.am


10.10.19 13:25

Կյանք առանց Հենոյի. Ասպարեզ է դուրս գալիս Սարգիս Ադամյանը


 

Կրկին ընտրական փուլ, կրկին մեկը մյուսից տարբերվող հանդիպումներ ու լավ հնարավորություն Հայաստանի հավաքականի համար՝ Եվրոպայի առաջնությունում հայտնվելու:

Տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականը լավ է խաղացել, պայքարել, հաղթել ու պարտվել և ամեն անգամ ինչ-որ բանում զիջելով դուրս ենք մնացել խմբային փուլ տանող ճանապարհից:

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլն էլ արդյունքների առումով հակասական է մեզ համար: 3 հաղթանակ, 3 պարտություն…առջևում էլ երկու անչափ կարևոր հանդիպում՝ Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հետ: ԵՎՐՈ-ին մասնակցելու ճակատագիրը մեծ մասամբ հենց այս խաղերից է կախված:

Այս անգամ ճակատագիրը մեզ այնքան էլ հեշտ խումբ չէր նվիրել, սակայն մրցաշարային աղյուսակում 6 տուրից հետո վիճակն այնպիսին է, որ մենք կարող ենք ու պետք է կռիվ տանք երկրորդ տեղի համար (դե դժվար թե գտնվի որևէ մեկը, որ կհավատա, թե Իտալիան կզիջի առաջին հորիզոնականը):

Հոկտեմբերի 12-ն ու 15-ը հայկական ֆուտբոլի համար հերթական կարևոր օրերն են: Երկու վճռորոշ հանդիպում, որը խաղալու ենք առանց տղայի, ով վերջին տարիներին մեզ համար խաղադաշտում շատ վճիռներ է կայացրել:

Հենոն չկա, սակայն հույս՝ հաստատ կա

Մխիթարյանի բացակայությունը ողբերգություն դարձնել չի կարելի: Այո՛, Հենոն հավաքականի առաջատարն է, թիմի շարժիչ ուժը, վերջին հանդիպումներում նա ևս մեկ անգամ ապացուցել է, որ միայնակ կարող է բոլոր հարցերին պատասխաններ տալ… Սակայն նրա բացակությունը կարող է նաև էլ ավելի միասնական դարձնել մեր ազգային թիմը:

Այս ընտրական փուլում մենք տեսնում ենք, թե ինչպես է Գյուլբուդաղյանցը կամաց-կամաց իր մարզչական մտքերը փոխանցում թիմին, իսկ ֆուտբոլիստները խաղ առ խաղ ավելի լավ են սկսում հասկանալ միմյանց:

Վերջին չորս խաղերում մեր ընտրանին լավ տեսք ուներ: Նույնիսկ իտալացիների հետ մենք կռիվ էինք տալիս ու եթե չլիներ որոշ հանգամանքներ, ապա այդ խաղում կարող էինք միավորներ չկորցնել:

Թիմի խաղն ավելի համախմբված է դարձել, իհարկե, Մխիթարյանն այդ թիմի կարևոր բաղադրիչն է, սակայն նրա բացակայությունն էլ կարելի է «փակել» ավելի հավաքված խաղով ու տակտիկական անակնկալ լուծումներով:

Երկու խաղ, երկու տարբեր մարտավարություն

Մեկ բան պարզ է, որ Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հետ խաղերում մենք նույն կազմը չենք տեսնի:

Ֆինների հետ հնարավոր է ապավինենք արագ հակագրոհներին: Խմբի հետնապահի դեմ կարող ենք խաղալ ավելի հարձակվողական մարտավարությամբ:

Սա նշանակում է, որ Մխիթարյանին փոխարինելու մի քանի տարբերակ կա:

Այս անգամ հավաքական չի հրավիրվել Կառլեն Մկրտչյանը, որն, անկասկած, մեծ ուժ է մեր ընտրանու համար: Սա ենթադրում է, որ կիսապաշտպանությունում հենակետային գոտին կփակի Արտակ Գրիգորյանը: Երկու խաղերում էլ նրա կողքին ամենահավանական տարբերակ է դիտարկվում Ռումյան Հովսեփյանը:

Իհարկե, չի բացառվում, որ Լիխտենշտեյնի հետ խաղում Հովսեփյանի փոխարեն տեսնենք երիտասարդ Էրիկ Վարդանյանին՝ ավելի հարձակվողական ֆուտբոլիստ. չէ՞ որ սերնդափոխության ժամանակն արդեն եկել է:

Լիխտենշտեյնի հետ Մխիթարյանի փոխարեն, ամենայն հավանականությամբ, կտեսնենք Մարկոսին: Ամենահայ բրազիլացին կարող է գնդակն իր մոտ վերցնել ու փոխանցումներ բաժանել առջևի գծի ֆուտբոլիստներին:

Մարկոսը շատ անգամներ է ապացուցել իր նվիրվածությունը հավաքականին: Այս երկու խաղերում էլ նա անկասկած մեծ նվիրվածությամբ կվերցնի ավագի թևկապն ու բոլորին առաջ կտանի իր հետևից:

Հարձակման եռյակը...

Աջից կգործի Ղազարյանը: Նա անփոխարինելի է. դա հարցեր չի առաջացնում: Էդգար Բաբայանն այս դիրքում երկու խաղերում էլ կարող է շատ լավ փոխարինման դուրս գալ ու թարմություն հաղորդել թիմին: Նույնը կարելի է ասել նաև Արաս Օզբիլիսի մասին, որը գնալով լավ մարզավիճակ է հավաքում:

Ձախից վերջին խաղերում գործել է Տիգրան Բարսեղյանը, սակայն Սարգիս Ադամյանն այնպիսի բենեֆիս արեց «Ալիանց Արենայում», որը կարող է ստիպել Գյուլբուդաղյանցին փոխել իր պլանները:

 

Ըստ իս՝ հարձակման կրակածայրում էլ երկու խաղերում էլ մեկնարկային րոպեներից դաշտ դուրս կգա Ալեքսանդր Կարապետյանը:

Ադամյանի ժամանակը…

Եկեք ընդունենք, որ եթե ցանկանում ենք հայտնվել ԵՎՐՈ-2020-ում, ապա Լիխտենշտեյնին պետք է հաղթենք նույնիսկ առանց Մխիթարյանի: Մեր ֆուտբոլիստների խաղամակարդակը բավարարում է, որ այս թիմի հետ խաղանք հանգիստ, նյարդեր խնայելով ու հեշտ հաղթանակ տանելով:

Մխիթարյանի դիրքում խաղացնելով Մարկոսին, հարձակման գծում էլ դաշտ դուրս բերելով Ղազարյան-Բարսեղյան/Ադամյան-Կարապետյան եռյակը պետք է որ առանց խնդիրների հաղթահարենք մրցակցի արգելքը:

Դժվար է Ֆինլանդիայի հետ հանդիպումը: Հենց այստեղ Գյուլբուդաղյանցը կարող է անակնկալ մատուցել ու գործել 4-4-2 մարտավարությամբ՝ այն է հարձակման առջևում դաշտ դուրս բերելով Ալեքսանդր Կարապետյանին ու Սարգիս Ադամյանին:

«Հոֆենհայմում» վերջին հանդիպումն էլ ցույց տվեց, որ Սարգիսն ամենակարող է դառնում այն ժամանակ, երբ գործում է հարձակման կենտրոնում: Նույնիսկ «Բավարիայի»՝ տրանսֆերային մեգաարժեք ունեցող պաշտպանները այս դիրքում չէին հասցնում փակել մեր հարձակվողին:

Մխիթարյանի բացակայությունը կարող է ստիպել Գյուլբուդաղյանցին մտածել այս մասին: Անկեղծ պետք է լինենք ու ասենք, որ Ադամյանը հավաքականում դեռևս չի փայլել.  մի փոքր անսովոր դիրքում խաղալը, թե այլ պատճառներ կան դրա համար՝ չենք կարող ասել: 

Հիմա երևի ամենաիրական պահն է, որպեսզի Ադամյանը խաղը սկսի այնտեղ, որտեղ ավելի շատ է սիրում խաղալ: Արդեն ժամանակն է, որ Սարգիսը իր ձեռքը վերցնի հավաքականի խաղն ու միայնակ կարևոր որոշումներ կայացնի խաղադաշտում: Նա կարող է դա անել, նա արել է դա եվրոպական ֆուտբոլի ամենաահասարսուռ մարզադաշտերից մեկում ու ոչինչ չպետք է խանգարի, որ նույնը կրկնի նաև ազգային հավաքականի մարզաշապիկով խաղալիս:

Ֆինլանդիայի հետ խաղն իսկական ճակատամարտ է լինելու: Երևանում կրած դառը պարտությունը դեռ չի մոռացվել: Հենց այնտեղ, նրանց հարկի տակ պետք է ապացուցենք ՀՀ վարչապետի խոսքերը, որ մենք այս խմբում լուծում ենք կարևոր պետական ու ազգային նշանակություն ունեցող խնդիր...

 

Սուրեն Սուքիասյան





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0